
Հալիձորը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Անվան ծագումը կապվում է պատմական Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող անունների հետ։ 2015 թ․ Հալիձորը ներառվել է Տաթև խոշորացված համայնքում։ Հալիձորի բնակիչները համայնքային խնդիրների շարքում առանձնացնում են ոռոգման ջրի բացակայությունը, անտառային հանգստի գոտիների սանիտարահիգիենիկ վատ վիճակը, անբարեկարգ ճանապարհները։
«Ոռոգման ջրի խնդիրը մեր համայնքի ամենակարևոր խնդիրներից մեկն է»,-ասում է Հալիձոր համայնքի վարչական ղեկավար Հասմիկ Կարագյոզյանը,- Շինուհայրում գտնվող ամբարտակը պիտի վերանորոգվի և նոր ջրագիծ կառուցվի։ Նոր ջրագծի կառուցումը նախնական հաշվարկներով կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Այս խնդիրը մենք բարձրացրել ենք բազմաթիվ անգամ տարբեր հանդիպումների ժամանակ։ Մինչ այս պահը, ոռոգումը իրականացվում է խմելու ջրով։ Համայնքի տարբեր մասերում տեղադրել ենք նովեր, չաներ (քարե կամ երկաթյա ավազաններ, անասունների համար խմոց), որտեղ հավաքվում է ջուրը և օգտագործվում նաև ոռոգման նպատակով։ Խնդիրն առավել սրվում է ամռանը, երբ ջրի ծավալը պակասում է»։
Հալիձորի բնակլիմայական պայմանները բարենպաստ են այգեգործության և դաշտավարության համար։ Սակայն ոռոգման ջրի բացակայությունը խանգարում է, որ այս ոլորտները ավելի եկամտաբեր դառնան։ Կարևոր է նաև այս ոլորտում կատարել բարեփոխումներ կամ դասընթացներ՝ նոր մշակաբույսերի, ոռոգման նորարարական համակարգերի ստեղծման հետ կապված։
Մյուս խնդիրը, որը կարևորում են բնակիչները, հանգստի գոտիների հակասանիտարական վիճակն է։ Այդ գոտիներում կենցաղային աղբակույտերն ավելանում են ցանկացած բացօթյա միջոցառումից հետո։ Այստեղ պատասխանատու են ոչ միայն պատկան մարմինները, այլև՝ քաղաքացիները։ «Մարդկանց մեջ պետք է զարգացնել իրենց հետևից կենցաղային աղբը ծառերի տակ չթողնելու մշակույթը։ Խնդիրը կարող է լուծվել այդ տարածքներում տեսահսկող սարքերի, զգուշացնող ցուցանակների ու աղբամանների տեղադրման և տարածքը աղտոտելու համար տուգանքներ սահմանելու համակարգի ստեղծման միջոցով։ Բայց միշտ էլ կգտնվեն այս կանոնները շրջանցող մարդիկ, դրա համար պետք է դա մշակույթ դառնա մարդկանց մոտ»,- ասում է Հալիձորի բնակիչ Նանե Բաբայանը։
Համայնքը զբոսաշրջության զարգացան համար բարենպաստ դիրք և պայմաններ ունի, այն «ՏաԹևեր» ճոպանուղի տանող ճանապարհի վրա է, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, և համայնքի մաքրությունը ևս զբոսաշրջիկներին գրավելու լավագույն միջոցներից է։ Անտառային հանգտի գոտիների մաքրությունը ներկա պահին անտառտնտեսության պատասխանատվության տակ է, բայց համայնքում տեղակայված հուշարձանների տարածքները մաքրվում է համայնքի բնակիչների և Հուշարձանների պահպանություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների օգնությամբ։
«ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրը ունի մի շարք առանձնահատկություներ, որոնք կարող են գյուղի զարգացման համար լավ նախադրյալ լինել։ Դա տուրիզմի զարգացման համար բարենպաստ դիրքն է։ Գյուղի մոտ է գտնվում «Տաթևեր» Ճոպանուղին։ Այստեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ են այգեգործության, մեղվաբուծության, դաշտավարության համար։ Սակայն բնակավայրը ունի մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են բնակավայրի դինամիկ զարգացմանը»-ասում է «Նոր հորիզոններ» ՀԿ նախագահ Արթուր Վարդազարյանը։ Հավելում է․- «Մենք չեխական NESENHUTI ՀԿ և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ աջակցությամբ Հալիձորում իրականացնում ենք մի նախաձեռնություն, որի նպատակն է վերհանել համայնքային հիմնախնդիրներ և համայնքի ակտիվ մասնակցությամբ հասնել այդ հիմնախնդիրների լուծմանը։
Նախաձեռնությունների շրջանակում իրականացրել ենք համայնքային քննարկում, հարցումներ ենք կատարել հարցաթերթերով, հանդիպել Տաթև համայնքի ղեկավարության հետ։
Քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ համայնքի ոռոգման ջրի բացակայությունը, հանգստի գոտիների սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակը։ Համայնքում կա ակտիվ երիտասարդների խումբ, որոնք մտահոգված են այդ խնդիրներով և իրենց կամավորական աշխատանքով նպաստում են համայնքի զարգացմանը, սակայն ակտիվ միջոցառումներ կազմակերպելու և երիտասարդների կյանքը ակտիվացնելու համար տեխնիկական և նյութական հնարավորությունները մեծ չեն։
Տաթև համայնքի ղեկավարի հետ մեր հանդիպումները ցույց տվեցին, որ նշված խնդիրների լուծման նպատակով ՏԻՄ-ը պատրաստակամ է համագործակցության համար։ Համայնքի ներգրավման միջոցով մենք կշարունակենք խնդիրների լուծման ուղիներ փնտրել և հասնել լուծումների»։
cvmedia.am Քաղաքացիական լրագրող՝ Արա Ստեփանյան

